Գիրքը կոչվում է «Գյուլունյա», լույս է տեսել օրեր առաջ ու դեռ տպարանի բույրն ունի: Իրականում 109-էջանոց այս գիրքը Հայրենիքի բույրն ունի, այն ՀԱՅՐԵՆԻՔԻ, որ մնաց սահմանից անդին ու 1915-2015՝ հարյուր տարվա հոտն ունի: Մի կարդացեք այս գիրքը, եթե որոնում եք ցեղասպանվածի ողբ ու կոծ, մի կարդացեք, եթե ձեզ պետք է հարյուրամյա մորմոքից ու տառապանքից քամված էներգիան, որ ունակ չէ ապրեցնել, որ դանդաղ սպանում է: Կարդացեք, եթե որոնում եք այն ջիղը, որ հարյուր տարի անց ձեզ ունակ է վերադարձնել այն վայրերը, որտեղից ծագում է լույսը, եթե որոնում եք ձեր այն ես-ը, որը աշխարհում ամեն ինչ գիտի, բացի պարտվելը: Սովորական կին է՝ գեհենով անցած ու մնացել է նույն սովորական կինը, որովհետև գիտի սիրել, գիտի ապրել ու ապրեցնել ու չի համարում իրեն արտառոց ճակատագրի տեր, չի համարում անիրավված ու լքված, որովհետև չի սպասում, որ իրեն պահեն, ինքն է պահում ու տեր է իր հիշողություններին, իր անցյալին, իր ներկային, իր ապագային, որովհետև հոգում ունի Աստված: ՈՒ Աստծուն չի տրտնջում ցեղասպանվածի իր տոհմի, իր կորցրածի համար, շնորհակալ է, որ կա, որ արևն է տեսնում ու ոտքը հողին է դնում օրհնանքով: Բայց՝ տեր է իր հատուցումի, վրեժի ու արդարության իրավունքին: Խոնարհ մեկը չէ, որ հանձնվելու է մենակությանը, որ ապրելու է միայն հիշողություններով, պայքարող տեսակ է, պետք եղավ՝ մահն էլ կսպանի, տեսակ է, որ երկրի աղն է: Երկրորդ կյանքի պատմություն է՝ առաջինը չավարտված: Հայաստան եկած, նորից ամուսնացած, տուն-տեղ, երեխա, հարս-թոռներ, բակ, շուն, փողոց, հարևաններ՝ իրենց կյանքով ու պատմություններով, հայի ու հայի հակասություններով ու ճակատագրով: Մենք բոլորս կանք այս գրքում՝ կենցաղով, սովորություններով, նիստուկացով, հին ու նորով, երազանքներով, արտագաղթով, ու… հարևաններով սահմանից անդին, որ դեռ չեն գտել իրենց պատմությունը: Գյուլունյան պատմության առանցքն է, բայց պատմությունը քո մասին է, հենց քո, որ ապրում ես քո օրը, որ դժգոհ ես, գոհ ես, մրսում ես, սոված ես, զայրանում ես, հոգնում ես, երջանիկ ես, հրճվում ես, քո, որ ամեն ինչից զատ մտածում ես, որ չես կարող չմտածել: Դա էլ տեսակ է: Այդ տեսակի շուրջ են պտտվում կյանքը, պատմությունը, երկրագունդը, իսկ ինքը հաճախ այդ պտույտից ճզմվում է, որովհետև ամեն ինչ նախ սրտում է, հետո բանականության մեջ: Գեղարվեստը՝ գեղարվեստ, բայց գիրքն ունի երկրորդ, շատ ավելի ուժեղ, շատ ավելի ազդեցիկ, շատ ավելի մարդկային շերտ՝ անվերջ մենախոսություն, որ բառերով չէ, պատումով չէ, իրադարձությունների զարգացումով չէ, սյուժեով չի սկսվում ու ավարտվում, շնչառություն է, մենախոսություն է քո և քո միջև, ու եթե կարողանում ես քո հարցերին պատասխանել, գտնում ես քեզ, դու դառնում ես դու՝ քո բոլոր ես-երի համադրումով-հակադրումով, բայց՝ միասնական: Ես չկարողացա հաշվել, թե քանի հերոս կա այս գրքում, քանի պատմություն ու քանի հանգուցալուծում, ինձ թվաց, որ նրանց բոլորին ծանոթ եմ, հանդիպում եմ փողոցում, հետները ճանապարհ եմ գնում, տեսնում ու խոսում եմ, սպասում ու հրաժեշտ եմ տալիս: Ես ճանաչում եմ նրանց բոլորին, թեպետ երբեք չեմ տեսել: ՈՒ ես հավատում եմ նրանց, թեև նրանք իմ հավատի կարիքը չունեն՝ ապրում են իրենց կյանքը ու ապրելու են մինչև աշխարհի վերջը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Գյուլունյան» ես կանվանեի «Դու»։ ՈՒ դա միակ փոփոխությունն է, որ կանեի այս գրքում, պարադոքս է գուցե, բայց երբ գիրք են գրում ոչ «պաշտոնական» գրողները, նրանց գրքերը գրողական տեխնիկայի, տակտիկայի ու ստրատեգիայի դրոշմը չունեն, կաղապարված չեն գրականագիտական նորմերով, ուղիղ ընթերցողին են հասցեագրված ու գրականություն են դառնում: Թեև գուցե սխալ է Մարգարիտ Եսայանին գրող չհամարելը: Գրող լինում են նաև մի նախադասությամբ՝ եթե լինելու են, ու չեն լինում տասնյակ գրքերով՝ եթե վիճակված չէ: